Հացի քաղաքը
Պտղավետ քաղաքներ են Ամասիան, Եվդոկիան և Մալաթիան։ Մեկը մյուսից քաղցր մրգեր կան նրանց այգեստաններում։ Բայց արի ու տես, որ սրանց կողքին Սեբաստիա մեծ քաղաքը համարյա միրգ չունի։ Ամասիան, Եվդոկիան և Մալաթիան հինգ հարյուր տարի անընդմեջ հեգնում են և Սեբաստիան անվանում շաղգամի, ստեպղինի և կաղամբի քաղաք։
Բայց Սեբաստիան իր լայնարձակ դաշտերի և հովիտների ոսկեհատիկ բերքով միշտ եղել է ոչ միայն Հայաստանի արևմտյան մասի, այլև` համայն Փոքր Ասիայի ցորենի ամբարը Փոքր Ասիայի հայաստանաչափ Շիրակը։
Մի անգամ երաշտը եկավ և թոնիր վառեց այստեղ։ Հետո երաշտի ստվեր սովը բռնեց աշխարհի չորս կողմը։ Հենց այդ ժամանակ Սեբաստիան մեծահոգաբար իր ամբարները բացեց ամասիացիների, եվդոկացիների և մալաթիացիների առջև։
Մարդիկ սրտների ուզածին չափ ցորեն են տանում, բայց ցորնահորերը մնում են լեցուն ու լեցուն.
— Որ տասը տարի էլ կրեք ու կրեք` մեր ամբարների հատակին չեք հասնի,— հպարտությամբ ասում էին սեբաստացիները։
Այդ ժամանակվանից ամասիացիները, եվդոկացիները, մալաթիացիները և Հայոց աշխարհի բոլոր կողմերի մարդիկ Սեբաստիան կոչեցին Հացի քաղաք։
Комментариев нет:
Отправить комментарий